воскресенье, 14 марта 2010 г.

Մշակույթ

Հեռացող ստվերների քաղցրությունը

Ե՜կ, իմ սրինգ, իմ բարեկամ սրտագին,

նիհար շրթներդ, ո՜հ, երերուն,

Դիր դալկահար իմ շրթներուն`

Երգենք ու լանք, լանք ու երգենք տրտմագին:

Գ.Պեշկյոթուրյան ,,Սրինգը,,

Ջարդի, չապրած կյանքի մասին հիշողություններն էին ընդհանուր Արաբկիրի այն հատվածի համար, որտեղ կողք կողքի բնավորվել էին հին արաբկիրցին ու քեսաբցին, բեյրութցին ու հունաստանցին: Տատիկիս, մորս հիշողությունների փողոցը անվանում էին <<ախպարների փողոց>>, որտեղ բնակվում էին Ադամ ախպարը, տիկին Լուսինը, Մարտիրոս աղան, Տիգրան դային ...Ամեն մեկը, յուրաքանչյուր ճակատագիր իր գույնն ու համն էր բերել Արաբկիրի այս հատվածին : Փողոց, ուր ամենաշատ թթենիների ծառերն էին` քաղցր, հյութալի, թթի շիրան, որ բռնում էր գետինը, կպչում բոբիկ ոտքերին: Ուր յուրաքանչյուր տոն, սուգ, հարսանիք բոլորինն էր: Ուր ամեն մեկը իր հավատը, իր տան , իր հոգու տոնը նաև պիտի պարտադրեր բոլորին:

Մայրս պատմում է, թե փոքր ժամանակ ինչքան վիրավորական էր իր համար հնչում <<ախպարների փողոց>> պիտակը , հետո ավելացնում, որ փողոցը տարբեր ճակատագրերի խաչաձևման, հանգիստ ու դադար առնելու կարճատև կայան էր. դա քաղցրության փողոց էր, որ թթի համ ուներ, ու այդ համը յուրաքանչյուրի մահով պակասեց ու ստվեր դառնալով`բարձրացավ ու հեռացավ......

Թթենիներից մեկի տակ էլ մի օր ստվեր դարձավ հունաստանցի Տիգրանը, <<ախպարների>> վերջին մոհիկաններից: Նրա երակներում մինչև վերջ էլ հոսեց կապույտ ծովի կարոտը, սիսեցի նախնիների կանչը, ջարդերում նահատակված, երբևէ չտեսած եղբայրների կարոտի, կորստի մորմոքը: Նրա երկու եղբայրներին և քեռուն թուրքերը սպանել էին Սիսում, խոշտանգել, կախաղան բարձրացրել... Մայրը` տիկին Գյուլիզարը, Հունաստանում վերընձյուղվել էր, նոր երեխաներ ունեցել... Ասում են` մինչև կյանքի վերջ էլ չտարբերակվեց, թե որն է իրեն ավելի հարազատ` ծնողների, քույրերի ու եղբայրների ծննդավայր Սիսը, թե միֆ դարձած Կիլիկիան, մանկության ու կյանքի որոշ հատվածներ անցկացրած երազների Աթենքը, թե Երևանը, ուր իրենց շավիղները գծեցին նրա հինգ զավակները, թոռներն ու թոռնորդիները: Ինչպես փողոցի բոլոր անցյալ ու ներկա տերերին, նրան նույնպես հատուկ էր անսպառ հումորը, անուն կպցնելու այնքան դիպուկ հատկությունը, որ երկար օգտագործելուց այն դառնում էր բոլորի սեփականությունը և մոռացվում ծագումնաբանությունը: Անսպառ քաղցրասեր նրա էությանը աստված մի թուլություն էր տվել` շաքարախտ հիվանդությունը: <<Շաքարը շաքարով պիտի բուժել>>,-անհոգ ասում էր նա և մինչև կյանքի վերջն էլ չհրաժարվեց այդ թուլությունից և կնոջ` անկրկնելի Վարդուհու պատրաստած մեղրածոր փախլավայից ու նարնջահամ ֆինիկյայից: Այդ հակումները երակներով էին եկել` հորից ու մորից, պապից ու տատից ու տարածվել բոլոր վտակներով` քույրեր, զավակներ, թոռներ ու զարմիկներ: Հաճախ էր պատմում իր եղբոր` Հունաստանի լեռներում զոհված անվեհեր պարտիզան Վարդան Քուփելյանի մասին, որին անօրինակ քաջության համար <գայլաձուկ> էին ասում, իր քեռորդու`հնչակյան գործիչ Սարգիս Տխրունու մասին...

Հակոտնյա, իրարամերժ էին նրա թուլությունները` քաղցրասիրություն և անզուսպ զայրույթի պահերին` նաև թուրքերեն հիշոցներ. <<Բոլոր սիսեցիներն էլ էդպես են, մի օր մորս կատակով ասել են, թե էս ինչ տեղը հայհոյանքի մրցույթ կա, ահագին գումար են տալիս, մերս ասել էր. <<Ամաաան, տղայիս խաբար ըրեք>>:

Նրա ամենամեծ հպարտությունը գրքերի հարուստ հավաքածուն էր ու գերազանց իմացությունը արևմտահայ դասական գրականության, իսկ ամենամեծ սերը հեքիաթներն էին... ու հունական երգերը:

Ու մի օր էլ Մարկեսի հերոսի նման թթենիների շուքի ներքո հալվեց, հալվեց, ստվեր դարձավ ու բարձրացա՜վ, բարձրացա՜վ, այդ ստվերից փախլավայի շիրա կաթեց ու քաղցրության մի հիշողություն...

....Մի քանի օր հետո նրա թոռները մի մեծ սպիտակ սավանով թութ էին թափ տալիս ու թափվող թթերի հետ հեռացող ստվերները քաղցրություն էին ծորում:

Նարե Գալստյան

Комментариев нет:

Отправить комментарий