воскресенье, 14 марта 2010 г.

Կրթություն














<< Ուր հաց, հոն կաց>>

Ապրելով անկախ հայրենիքում` երբևէ մեծ ուշադրություն չեմ դարձրել <<ուր հաց, այնտեղ կաց>> ասացվածքի իմաստային նշանակությանը, և ժպիտով եմ վերաբերվել <<ոչինչ>> չասող իմաստին: Բայց այն հակառակ զգացումն առաջացրեց և մի քանի օր շարունակ մտածելու տեղիք տվեց, երբ այն կարդացի Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի` <<Էսաեան>> վարժարանի աշակերտների կողմից պատրաստված նոթատետրերում:

Տպավորություններն անմիջապես փոխվեցին, երբ հետաքրքրվեցի Ստամբուլի հայկական համայնքի, դպրոցների, նրանց գործունեության մասին, կուտակված հարցերի պատասխանը փորձեցի ստանալ հենց <<Էսաեան>> վարժարանի աշակերտներից: Ստամբուլ քաղաքում, որտեղ բնակվում են Թուրքիայի հայության 90%-ը, գործում են 19 հայկական դպրոց և 9 նախակրթարան, որոնք պետական ֆինանսավորում չեն ստանում և գոյատևում են եկեղեցիների հասույթների շնորհիվ:

Բացառություն չէ նաև դպրոցներից ամենամեծը` <<Էսաեան>> վարժարանը, որի ֆինանսական ծախսերը ամբողջությամբ հոգում է դպրոցի բակում գտնվող <<Սուրբ Երրորդություն>> եկեղեցին: Վարժարանը բաղկացած է հիմնական դպրոցից, որը տալիս է 8-ամյա կրթություն և լիցեյից (9-11-րդ դասարան): Ժամաքանակի աստիճանական նվազմամբ` առաջինից մինչև ավարտական դասարան ուսուցանվում է հայերեն լեզուն:

Մինչև 1998թ. Հայկական դպրոց կարող էին ընդունվել միայն երկկողմանի հայ երեխաները, բայց աշակերտների քանակի նվազմամբ պայմանավորված հայ պատրիարքությունը որոշում է կայացրել (մկրտության դեպքում) ընդունել նաև միակողմանի հայ երեխաներին: Թուրքիան երկար տարիներ շարունակ փորձում է <<թոզ փչել>> բոլորի աչքերին, ներկայանում է մի երկիր, որը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով, որտեղ ազգային փոքրամասնությունները ինքնության պահպանման գործընթացումչեն ենթարկվում իրավունքների ոտնահարման:

Իրականում այդ <<ժողովրդավար>> Թուրքիայում հստակ մշակված քաղաքականություն է տարվում: Եվ պատահական չէ, որ բռնապետական դրսևորումները հատկապես վառ արտահայտվում են կրթության համակարգում:

Հայկական հարցի առնչությամբ թուրքական պաշտոնական թեզը խորը արմատավորված է նախակրթարանից մինչև բարձրագույն կրթություն: Նախակրթարանների և միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերում Հայկական հարցի վերաբերյալ պատմական օբյեկտիվ ինֆորմացիա չպարունակելուց բացի, պատմություն և աշխարհագրություն առարկանները դասավանդվում են <<պետական ծառայող>> ազգությամբ թուրք մասնագետների կողմից: Պետական դպրոցներում պարտադրվում է կրթության նախարարության կողմից հրատարակված <<Հարյուր նովելներ>> ժողովածուն, որն աշակերտների և ուսուցիչնեի մոտ ագրեսիա է առաջացնում ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Անհեթեթ կարգավիճակով են գործում հայակական դպրոցների ղեկավար մարմինները, որոնց լիազորությունները սահմանափակվում են պետության կողմից նշանակված թուրք տնօրենի կողմից: Զավեշտն այն է, որ հայ և թուրք տնօրենների բացակայության դեպքում տնօրենի պարտականություններն անցնում են մոտակա դպրոցի թուրք տնօրենին կամ ուսուցչին: Թերի, սխալ, չափազանցված տեղեկություններով, հստակ մշակված քաղաքականությամբ պաշտոնական մեքենան աշխատում է կաղապարել երիտասարդ ուղեղները…

Աշակերտների խոսքից` <<դուք բախտավոր եք, որ ապրում եք սեփական երկրում>>, հասկացա. նրանք ասացվածքը ընկալում են, ինչպես ի սկզբանե ես էի ընկալել, և, չնայած ճնշումներին և նեղությանը, Թուրքիայում բնակվող հայերը հաղթահարում են այդ դժվարությունները, նրանք կարողանում են մնալ այդ հողերում, որտեղ ունեն շատ խորը արմատներ և պահպանել իրենց ինքնությունը:

Հերմինե Անտոնյան

Комментариев нет:

Отправить комментарий