воскресенье, 14 марта 2010 г.

ՄԱՏԹԷՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ (ՓԱՐԱՄԱԶ)


Սրանք այն մարդկանցից էին, որոնք անձնուրացությամբ նվիրվել էին իրենց հայրենիքի ազատության, լավ ապագայի գործին: Սրանց խորթ էր Թուրքիայի ժողովուրդների միջև թշնամություն բորբոքելու քարոզը, ռասիստական, շովինիստական այն գաղափարախոսությունը, որ որդեգրել և կյանքում կիրառում էին երիտասարդ թուրքերը:

Դրանք պատմականորեն առաջադիմական ազգային – ազատագրական շարժման ներկայացուցիչներ էին, մի շարժում, որը քայքայում էր ոչ միայն ճնշված ժողովուրդների, այլև թուրք – օսմանների զարգացումը արգելակող օսմանյան փտած հանրաբանտի հիմքերը, գործելակերպի, տակտիկայի հարցում նրանց ոչ ճիշտ ընթացքը, նրանց գլխավորած շարժման ոչ մասսայական բնույթը, որը պայմանավորուած էր Թուրքիայում տիրող սոցիալ – քաղաքական պայմաններով, բնավ չեն բաղասում թուրքական բռնապետության, ֆեոդալական կարգերի դեմ նրանց մղած պայքարի առաջադիմական, դեմոկրատական բնույթը, այն ճշմարտությունը, որ նրանք արատահայտում էին այն ժամանակի Թուրքիայի հասարակական կյանքի և քաղաքական մտքի զարգացման ամենաբարձր աստիճանը...

Փարամազը ծնվել է Մեղրիում, 1863 թ-ին: Հաճախել է ծննդավայրի դպրոցը: 1879-ին ուսանել է Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում: 1883-ին մեկնել է Նախիջևան ուսուցչության նպատակով: Այնտեղ, ծանոթացել է Ս. Սապահ Գիվլին: Ուսուցչության ընթացքում խորացնում է իր տեսական գիտելիքները և 1890-ական թվականներին վերջնականապես նվիրվում է հեղափոխական կյանքին: Ուսուցչություն և հեղափոխական քարոզչություն է կատարում Պարսկաստանի զանազան քաղաքներում (Արտապիլ, Փայաջուկ, Սալմաստ, և այլն):

Պարսկաստանում Փարամազը դառնում է երկիր մտնող մարտական խմբերի գլխավոր կազմակերպիչը: Սալմաստում հեղափոխական վճռով պատժում է Ցոլակ Սարկավագի սպանությունը կատարած հանցագործներին:

1897-ին 40 հոգանոց խմբով, քուրդ ցեղախումբերի հետ փոքր բախումներ ունենալուց հետո, անցնում է Վան: Վանում խումբը մատնվում է. թուրքական զորքի հետ փոխհրաձգությունից հետո, Փարամազն ու խմբի մի մասը ձերբակալվում են: Դատարանի առջև Փարամազը արտասանում է իր հռչակավոր ճառը, որը կազմում է հայ հեղափոխական գրականության մեկ անգերազանցելի էջը: Նրան դատապարտում են մահվան: Սակայն, որպես ռուսահպատակ, և ռուսական դեսպանատան միջնորդությունների շնորհիվ հանձնում են ռուսական կառավարությանը: Մինչև 1900 մնում է բանտարկված:

1900-ական թվականների սկզբին Կովկասում ղեկավարում է հակացարական պայքարը: Ժողովրդային թափորի գլուխ անցած դիմում է կաթողիկոս Խրիմյան Հայրիկին և պահանջում է ընդդիմանալ եկեղեցապատական գույքերը բռնագրավելու ցարական որոշման դեմ: 1903-ին Բաքվի մասնաճյուղի որոշումամբ կազմակերպում է Կովկասի փոխարքա Իշխան Գոլիցինի դեմ հայտնի տեռորը:

1905-1906-ին ղեկավարում է Երևանի, Էջմիածնի, Զանգեզուրի և Ղարաբաղի մէջ հայ –թաթարական կռիվներին մասնակցող Հնչակյան խմբերը: Ս. Դ. Հ. Կ. Ե. Համագումարից հետո ազդեցիկ քարոզչություն է ծավալում Կովկասում ձևավորված կուսակցական այն ձախլիկ խմբավորման դեմ, որն ուզում էր հեռանալ տաճկահայ դատից և միանալ Ռ. Ս. Դ. Բ. Կ.-ի շարքերին:

Որպէս գործիչ` Կովկասի շրջաններից հետո այցելում է նաև Պարսկաստան, Բուլղարիա, Ռումինիա և եվրոպական այլ ոստաններ: Այդ ընթացքում ծանոթանում և մտերմանում է Եվրոպայի ընկերվարական գործիչների հետ: Կա այն վարկածը, որ Փարամազը 1900-ից մինչև թուրքական Սահամանադրությունը, դարձյալ գտնվել է Արևմտյան Հայաստանում:

Թուրքական Սահմանադրությունից հետո Փարամազը մեկնում է Թուրքիա և գլխավորում է հակաիթթիհատական պայքարը: Հակաիթթիհատական քարոզչություն կատարելու և ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար շրջում է Պոլիս, Ատաբազար, Տիգրանակերտ (որտեղ կազմավորում է «Արհեստակցական Միություն»), Հայտնի, Արզնի–Մարեն, Մալաթիա, Խարբերդ, Այնթափ, Ուրֆա, Վան, Կարին, և այլն: Այցելած վայրերում հզորացնում է կուսակցական մասնաճյուղերը, ունենում է հրապարակային դասախոսություններ: Ամենուր արժանանում է ժողովուրդի ջերմ համակրանքին: Իր տեղեկագրներում հստակորեն շեշտում է, որ Իթթիհատը հայասպանութուն է նախապատրաստում։ Մասնակցում և ատենապետում է Ս. Դ. Հ. Կ. Զ. Համագումարը: Շարունակում է կուսակցությունը հակաօրինական գետնի վրա պահելու գաղափարը: Ընտրվում է Տաճկաստանի շրջանի Գործադիր Հանձնախմբի ատենապետ:

Հայր Սիվա գրչանունով աշխատակցում է «Արևելք» թերթին: «Հնչակ»-ում տպված նրա հոդվածները` «Պաքօ», «Քամուն բերածը Քամին կը Տանի», «Հայի Պահանջը», «Ձեռքերդ Վեր Կամ Ճուղուպրիստները», և այլն, կազմում են հայ հեղափոխական գրականության լավագույն էջերը:

12 տարի ծննդավայրից բացակայելուց հետո մի քանի ժամով այցելում է տուն, ու իր աղջիկը նրան չի ճանաչում: Քեոսթենճեի համագումարում Փարամազը ընտրվում է Կետրոնական Վարչության անդամ ու իրեն հանձնում է Իթթիհատի եռապետությանը տեռորի ենթարկելու գործին: Վերադառնում է Պոլիս: Հնչակյան ղեկավարության հետ ձերբակալվում է ու խստագույն հսկողության տակ բանտարվում: Դատարանում հանդուգն, հեղափոխական ելույթներ է ունենում:

1915-ի Հունիս 15-ին, քսան հերոսներից առաջինը Փարամազի վզով անցավ կախաղանի թոկը: Կախաղանի առջև ասաց. «Դուք մեր մարմինները կրնաք կախել միայն, իսկ մեր գաղափարը` ոչ: Վաղը Արևելքի հորիզոնին վրայ պիտի ողջունենք Սոցիալիստական Հայաստանը»:

Հայ յեղափոխական դեմքերի լուսապսակն է Փարամազը: Իր մասին եղած բազմաթիվ վկայությունները շեշտում են նրա հեղափոխականի ոգին, գաղափարական պատրաստվածությունը, հանդգնությունը, ինքնազոհաբերման ոգին, պոռթկումը ամեն ձևի անարդարության դեմ, ժողովրդասիրությունը... Փարամազը գեղարվեստական կերպար է գրական շատ գործերի մէջ:

Комментариев нет:

Отправить комментарий