понедельник, 8 февраля 2010 г.

« Ո՜ւր էր, թե Հարվարդում սովորեի…»

Ո՞րն է հայ ուսանողի երազանքը:

Նյութս կառուցելու համար  որոշեցի փոքրիկ հարցախույզ անցկացնել ուսանողների, հարևանների, բարեկամների, ծանոթների շրջանում: Դե…սկզբում պատահեցին նման պատասխաններ` «Սեր, երջանկություն, VivaCell-ում աշխատանք, Orange-ում մենեջեր», և, վերջապես,  հանդիպեց այն երազանքը, որն իսկը իմ սրտովն էր. «Ուր էր, թե Հարվարդում սովորեի»: Խոստովանեմ, որ  բարձրաձայնած երազանքին հետևած առաջին արձագանքս էր. «Է՜հ, ո՜ւր էր…»:

Եկեք համաձայնենք, որ հայ ուսանողի համար հարվարդյան երազանքը երազանք է ոչ միայն շնորհիվ իր սարսափեցնող զրոներով լի վարձավճարներով (այնուամենայնիվ, մի քանի հիմնադրամներ պատրաստակամ են ֆինանսավորել գոնե մեկ տարի), այլ նաև այն պարզ պատճառով, որ մեր կրթական համակարգը   և հարվարդյան կրթական համակարգը «մի փոքր» տարբերվում են: 

Թերևս հանդգնություն է, բայց, այնուամենայնիվ, փորձեմ  համեմատություններ կատարել: Ներկայումս կրթական ոլորտում փորձ է արվում նվազեցնել տարբերություններն ու հակասություններն աշխարհի առաջատար կրթական համակարգերի հետ: Բայց կարծես հակասությունները հարթելիս  հանգում ենք անվերջանալի հակասությունների:  Հաշվի առնելով, որ Հարվարդը միայն արտասահմանում կրթություն ստանալու մարմավորումն է, թույլ տվեք համեմատությունների շարունակելի շարքը սկսել ԱՄՆ-ի և հայաստանյան կրթական համակարգերից: Մի նկատառում ևս. քանի որ  կրթական համակարգերի յուրահատկությունների, տարբերությունների, առավելությունների և թերությունների մասին կարելի է խոսել հատորներով, ապա առավել նպատակահարմար է անդրադառնալ  ամենաակնառու տարբերություններին.

  • Ամերիկյան և հայաստանյան «քոլեջները» կտրուկ տարբերվում են միմյանցից: Ամերիկյան խոսակցականում բոլոր բուհերը հաճախ անվանվում են քոլեջներ, նույնիսկ եթե համալսարաններ են: ԱՄՆ-ում քոլեջ ասելով հասկանում են բարձրագույն ուսումնական հաստատություն, որը հիմնականում զբաղվում է ուսանողների կրթությամբ, իսկ գիտական աշխատանքը, եթե կա, մղվում է երկրորդ պլան: Քոլեջները համալսարաններից տարբերվում են գիտահետազոտական և ասպիրանտուրական ծրագրերով:
  • Որքան էլ զարմանալի է, աշխարհիկ կյանքը ամենաեռանդուն պրոպագանդող երկրների թվին դասվող  ԱՄՆ-ում  4-ամյա քոլեջները մեծ մասամբ կրոնական ուղղվածություն ունեն:
  •  Եթե Հայաստանում միջինում ուսման վարձը կազմում է 300000 հայկական դրամ, ապա ԱՄՆ-ի պետական, նաև ոչ պետական բուհերում ավելի թանկ է` 5000-40000 ամերիկյան դոլար (ինչպես օրինակ` մեր երազանք Հարվարդում):
  •  Ի տարբերություն հայաստանյան ԲՈՒՀ-երի դիմորդների, որոնք դպրոցն ավարտելուն պես առանց գիտակցելու ընտրում են առավել հեղինակություն վայելող մասնագիտություններ, ԱՄՆ-ում ուսանողը լայն հնարավորություն ունի մի ֆակուլտետից տեղափոխվելու մեկ այլ ֆակուլտետ, և նա միայն առաջին կուրսի վերջում կամ երկրորդ կուրսի սկզբում է ընտրում մասնագիտացումը: Շատ հաճախ հիմնական մասնագիտությանը զուգահեռ` նրանք ստանում են նաև լրացուցիչ մասնագիտություն:
  •    Հաճախելիությունը յուրաքանչյուր դասընթացին տալիս է որոշակի թվով միավորներ (կրեդիտներ), որոնք համապատասխանում են շաբաթվա ընթացքում այդ դասընթացին կատարված աշխատանքների ժամաքանակին: Ուսանողները ամերիկյան բուհերում գնահատվում են 2-րդ կամ 3-րդ կիսամյակների կեսերին, որոնց արդյունքներով էլ ամփոփվում է ուսումնական տարին և վերջնական գնահատվում: 

Համեմատելով յուրաքանչյուրը կարող է սեփական եզրահանգումներն անել: Անշուշտ, մեր բուհական համակարգում կան բազմաթիվ թերություններ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ազգովի պետք է «փախնենք» երկրից ու տեղի իրականությունից, այլ, որ այս ոլորտը մասնագետների, ինչու չէ, նաև ուսանողների և մյուսների ուշադրության և աջակցության լուրջ  կարիքն ունի:  

                                                                                                                                

  ՀԵՐՄԻՆԵ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Комментариев нет:

Отправить комментарий