понедельник, 8 февраля 2010 г.

Քաղաքականացված ուսանողությո՞ւն, թե՞ «ուսանողացված» քաղաքականություն



«Երբ քաղաքականությունը դռնեն ներս կմտնե, բարոյականությունը պատուհանեն դուրս կելնե»... 

«Սարգիս Տխրունի» ուսանողական միության գրասենյակ մտնելիս առաջինը աչքիդ զարնող Հակոբ Պարոնյանի հեղինակած այս տողերը, փաստորեն, վկայում են հայ երիտասարդների մտահոգությունը քաղաքական ու բարոյական արժեքների հակասականության վերաբերյալ։

Դեռ վաղ պարոնյանական ժամանակներում  են ձևավորվել մեր ներկայիս քաղաքական արժեքները. որդեգրված սովորույթներ, որոնք պարզ արտացոլանքն են «քաղաքականություն» կատեգորիայի աղավաղումների։  Վերջիններս մեր իրականության մեջ հանդես են գալիս 2 պարզագույն տեսանկյուններով.  առաջինին կարող ես հանդիպել, երբ քայլում ես շենքերի բակերով ու ակամայից վկան դառնում  «լրջագույն քաղաքական վերլուծությունների», դե, իսկ երկրորդի անմիջական կերտողներն ու դերակատարներն էլ երիտասարդներն են` իրենց տեղի-անտեղի քաղաքականացվածությամբ, քաղաքականության՝ որպես կարիերայի գրավականի ընկալումներով։

«Ես ուրախ կլինեի, եթե այսօր երիտասարդները հետաքրքրված ու համակված չլինեին քաղաքականությամբ ու քաղաքական կյանքի արժեքներով. դա կվկայեր միայն, որ քաղաքական դաշտը այնքան է կայուն մեր ներկա իրականության մեջ, որ երիտասարդները մտահոգ չեն իրենց ԱՊԱԳԱՅԻ համար»,- մի անգամ ասաց ծանոթներիցս մեկը։

Նույն խնդիրը փորձեցի ամփոփել մի քանի ուսանողների շրջանում՝ փորձելով պարզել, թե որոնք են այսօր երիտասարդներին շահագրգռող գործոնները դեպի քաղաքականություն։  Հնչած բազում կարծիքներից, երկար-բարակ տեսակետներից ձեզ ներկայացնեմ մի քանի մտքեր, որոնք մասնավորապես փաստում են երիտասարդների ու հատկապես ուսանողների ներգրավվածությունը քաղաքական դաշտում ու տալիս դրանց տրամաբանական մեկնաբանությունները. «Դե ուսխորհուրդները, փոխանակ իրենց հիմնական գործառույթները կատարելու, այն է՝ ուսանողների շահերն ու հետաքրքրությունները ներկայացելու և պաշտպանելու, դարձել են քաղաքական ինչ-ինչ միավորումների, կառույցների կամակատարներ»։

«Քաղաքական շատ ու շատ կուսակցություններ թիրախային խումբ են  համարում ուսանողներին՝ որպես ակտիվ մարդկային ռեսուրսի. սա կարելի կլիներ համարել դրական, եթե  ուսանողների ներգրավվածությունը ապահովվեր կամավոր սկզբունքներով գաղափարական հիմքի վրա, և ոչ  դեպի նյութական շահը, ինչը շատերիս հայտնի «կոռուպցիա» կոչվող աղետի լավագույն դրսևորումներից է»։

«Քաղաքական դաշտը և ուսանողությունը փոխադարձաբար են կապված միմյանց, քանի որ հենց ուսանողն ու առհասարակ երիտասարդն է ցանկացած երկրի ԱՊԱԳԱՅԻ ներկայացուցիչը, նրանք ներկայիս քաղաքական սովորույթների կրողներն ու դրանց պոտենցիալ դրսևորողներն են»։

Կարծիքների բազմազանության պատկերն ակնկալելի էր, սակայն հարցին պատասխանող ուսանողները խնդրեցին իրենց անունները չհրապարակել։ Սա է մեր  իրականության մեջ բարոյական քաղաքականություն կերտելու տիպական դրսևորումը։  Քաղաքական դաշտը լի է ուսանողներով, լինեն դրանք քաղաքականության ուղին բռնած ուսանողները, թե ուսանողացման ուղին բռնած քաղաքական դաշտը, որտեղ կա «խոսքի ազատություն. քանի դեռ կա խոսքը, կա խոսակիցը, բայց չկա խոսողը»։ 

ԱՆԻ ԱՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий