понедельник, 23 августа 2010 г.

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՍԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նյութերը վերցրած են «Արարատ» օրաթերթից

Զորավոր Անդրանիկ

Հուլիսի 20-ին (1897) հասանք Թադևոս Առաքելոց վանք։ Երկու օր այնտեղ մնացինք, հանգստացանք։ Եկավ նաև Փարամազը (հնչակյան) իր խմբով՝ 30-33 հոգուց բաղկացած։ Լույսը բացված էր, երբ հասանք վանք։ Զինվորներից շատերի ոտքերը թաց էին, փայտի ծայրին դրոշակ էր փակցրած. նրանք էլ եկան լցվեցան վանքը։ Փարամազի արտաքինը շատ լավ էր՝ փայլուն աչքերով և երկար մազերով։

Հրացանները բոլորն էլ ժանգոտված էին, անկանոն վիճակի մեջ էին։ Եթե չեմ սխալվում, մոսին հրացան չունեին, ոչ էլ կանոնավոր վալադ։ Վազգենն ու Միքոն ասացին. «Եթե կարողանանք մի քանի օր այստեղ սպասել, մենք կգնանք և մեր վալադներին կուղարկենք և ձեզ էլ կբերեն»։

«Անդրանիկի Հուշերը»

«Հայրենիք»

Զավեն Պատրիարք Տեր Եղիայան

Երբ 1914-ի կեսերին հեղափոխականներ էին ձերբակալում, հետաքրքրվեցինք՝ իմանալու շարժառիթները։ Եվ երբ իմացանք Թալեաթի դեմ դավադրական փորձին, քաղաքական կուսակցությունները և մինչև իսկ ազգային վարչությունը, ինչպես նաև ես, քննադատեցինք ձերբակալված հնչակյաններին, քանի որ բոլորս էլ այն համոզմանն էինք, որ Թալեաթը սիրում էր հայերին և միշտ ժպտուն դեմքով էր ընդունում մեզ և վարչությունը ներկայացնող անձանց։ «Այդ ժպիտը կեղծ է, մի խաբվեք»,- ասում էին այս Քսանները։ Եվ ժամանակը փաստեց, որ նրանք, որ արդեն կախվել էին, մեր բոլորից, ամենքից ճիշտ էին ըմբռնել։ Թալեաթի ժպտուն դեմքի տակ թույնն էր ծածկված, մաղձն էր սքողված։

Զավեն Պատրիարք

Պրոֆ. Արամայիս Մնացականյան

Դատապարտյալներին ներկայացվող ամբաստանագիրը այդ քսան հոգու հանցանքը համարում էր նրանց դավանած գաղափարը՝ հայ ժողովրդի անկախությունը։ Դատարանի նախագահի ձեռքին կային փաստաթղթեր, «Կայծ» շաբաթաթերթի համարները, որոնք տպվել էին 1911-1914 թվականներին Իստանբումլում։ Նրանց մեջ տպվել էին Մարքսի, Էնգելսի, Բեբելի, Լիբկնեխտի, Պլեխանովի նկարները, հոդվածներ Թուրքիայի բանվորների և գյուղացիների սոցիալական ծանր վիճակի մասին, թուրք կնոջ տառապանքների և նրա ազատագրման ուղիների մասին։ Դատախազի ձեռքին էր Փարամազի վերջին հոդվածը՝ «Հայի պահանջը»։ Նրանում դեռ հեկեկանքներ կային, բուրժուական դիվանագիտության խարդախությունների անողոք քննադատություն կար։ «Հայի պահանջը» թերթիկը հայ ազատագրական պայքարի լավագույն փաստաթղթերից մեկն էր, հայ ժողովրդի անկախության գաղափարի շունչ կար նրա մեջ։ Հենց դրա համար էլ Իթթիհատի գործակալները որսացել էին այդ գաղափարը որսացողներին։

Դատարանը վճիռ կայացրեց, որում ուղղակի ասված էր, թե դատավարությամբ հաստատված է, որ մեղադրյալները նպատակ էին դրել պայքարել «անկախ և ինքնավար Հայաստանի» համար, ուստի դատապարտվում են մահվան՝ կախաղանի միջոցով։

Շաբաթներ անցան։ Դատապարտյալները տառապում էին մահվան խցիկներում։ Հունիսի 15-ին սուլթան Պայազիտի հրապարակը մռայլ տեսք ուներ։ Ոստիկանությունը շղթա կազմած հսկում էր։ Հրապարակի կենտրոնում 20 կախաղաններ էին պատրաստված։ Բերում էին Քսանին։ «Քայլեցե՛ք, ընկերնե՛ր, ճակատներդ միշտ բարձր»,-լսվում էր խրոխտ մի ձայն։ Նրանց կախեցին՝ իրենց իդեալները սրտներում։

Պրոֆ. Ա. Մնացականյան

«Հայ ժողովրդի ողբերգություն»

Ասատուր Էլճանյան

Այդ քսան նահատակները, քանի տարիներ անցան, դարձան վեր-կուսակցական և համազգային մարտիրոսներ և նախավկաներ, որովհետև նրանց իդեալները դարձան այսօր սրբազան խորհրդանշանը՝ մեր հողերի վերստացման պայքարների՝ մեր ազատության խոյանքների, մեր տունդարձի, մեր ցեղային միավորման, մեր ազգային ամբողջացման և մեր սրբազնասուրբ հայրենիքի վերակառուցման և նրա ապահով ու երջանիկ գոյատևման։

Ահավոր աննախընթաց եղան մեր կորուստները, բայց չսպառվեցինք, չմեռանք, որ ծրագիրն էր մր ոսոխի, որովհետև մնացորդ վերապրող հայությունը սնվեց իր մարտիրոսների վրեժով և նրանց ավանդած՝ ազգի, հայության ու Հայ Դատի արդարության հավատամքով։ Մեր պաշտելի հայրենիքի վերակերտման ու բարգավաճման և ազգահավաք ծրագրերի տարեցտարի իրականացման հետ, մեր այդ Քսաններն էլ ժամանակի ու տարածության վրայով երկարձգվեցին ու դարձան խորհրդապատկերը՝ հայ ազգի վերհարության ու ամբողջացման։

Ա. Էլճանյան

«Արարատ»

Комментариев нет:

Отправить комментарий