воскресенье, 14 марта 2010 г.

Մշակույթ

Հեռացող ստվերների քաղցրությունը

Ե՜կ, իմ սրինգ, իմ բարեկամ սրտագին,

նիհար շրթներդ, ո՜հ, երերուն,

Դիր դալկահար իմ շրթներուն`

Երգենք ու լանք, լանք ու երգենք տրտմագին:

Գ.Պեշկյոթուրյան ,,Սրինգը,,

Ջարդի, չապրած կյանքի մասին հիշողություններն էին ընդհանուր Արաբկիրի այն հատվածի համար, որտեղ կողք կողքի բնավորվել էին հին արաբկիրցին ու քեսաբցին, բեյրութցին ու հունաստանցին: Տատիկիս, մորս հիշողությունների փողոցը անվանում էին <<ախպարների փողոց>>, որտեղ բնակվում էին Ադամ ախպարը, տիկին Լուսինը, Մարտիրոս աղան, Տիգրան դային ...Ամեն մեկը, յուրաքանչյուր ճակատագիր իր գույնն ու համն էր բերել Արաբկիրի այս հատվածին : Փողոց, ուր ամենաշատ թթենիների ծառերն էին` քաղցր, հյութալի, թթի շիրան, որ բռնում էր գետինը, կպչում բոբիկ ոտքերին: Ուր յուրաքանչյուր տոն, սուգ, հարսանիք բոլորինն էր: Ուր ամեն մեկը իր հավատը, իր տան , իր հոգու տոնը նաև պիտի պարտադրեր բոլորին:

Մայրս պատմում է, թե փոքր ժամանակ ինչքան վիրավորական էր իր համար հնչում <<ախպարների փողոց>> պիտակը , հետո ավելացնում, որ փողոցը տարբեր ճակատագրերի խաչաձևման, հանգիստ ու դադար առնելու կարճատև կայան էր. դա քաղցրության փողոց էր, որ թթի համ ուներ, ու այդ համը յուրաքանչյուրի մահով պակասեց ու ստվեր դառնալով`բարձրացավ ու հեռացավ......

Թթենիներից մեկի տակ էլ մի օր ստվեր դարձավ հունաստանցի Տիգրանը, <<ախպարների>> վերջին մոհիկաններից: Նրա երակներում մինչև վերջ էլ հոսեց կապույտ ծովի կարոտը, սիսեցի նախնիների կանչը, ջարդերում նահատակված, երբևէ չտեսած եղբայրների կարոտի, կորստի մորմոքը: Նրա երկու եղբայրներին և քեռուն թուրքերը սպանել էին Սիսում, խոշտանգել, կախաղան բարձրացրել... Մայրը` տիկին Գյուլիզարը, Հունաստանում վերընձյուղվել էր, նոր երեխաներ ունեցել... Ասում են` մինչև կյանքի վերջ էլ չտարբերակվեց, թե որն է իրեն ավելի հարազատ` ծնողների, քույրերի ու եղբայրների ծննդավայր Սիսը, թե միֆ դարձած Կիլիկիան, մանկության ու կյանքի որոշ հատվածներ անցկացրած երազների Աթենքը, թե Երևանը, ուր իրենց շավիղները գծեցին նրա հինգ զավակները, թոռներն ու թոռնորդիները: Ինչպես փողոցի բոլոր անցյալ ու ներկա տերերին, նրան նույնպես հատուկ էր անսպառ հումորը, անուն կպցնելու այնքան դիպուկ հատկությունը, որ երկար օգտագործելուց այն դառնում էր բոլորի սեփականությունը և մոռացվում ծագումնաբանությունը: Անսպառ քաղցրասեր նրա էությանը աստված մի թուլություն էր տվել` շաքարախտ հիվանդությունը: <<Շաքարը շաքարով պիտի բուժել>>,-անհոգ ասում էր նա և մինչև կյանքի վերջն էլ չհրաժարվեց այդ թուլությունից և կնոջ` անկրկնելի Վարդուհու պատրաստած մեղրածոր փախլավայից ու նարնջահամ ֆինիկյայից: Այդ հակումները երակներով էին եկել` հորից ու մորից, պապից ու տատից ու տարածվել բոլոր վտակներով` քույրեր, զավակներ, թոռներ ու զարմիկներ: Հաճախ էր պատմում իր եղբոր` Հունաստանի լեռներում զոհված անվեհեր պարտիզան Վարդան Քուփելյանի մասին, որին անօրինակ քաջության համար <գայլաձուկ> էին ասում, իր քեռորդու`հնչակյան գործիչ Սարգիս Տխրունու մասին...

Հակոտնյա, իրարամերժ էին նրա թուլությունները` քաղցրասիրություն և անզուսպ զայրույթի պահերին` նաև թուրքերեն հիշոցներ. <<Բոլոր սիսեցիներն էլ էդպես են, մի օր մորս կատակով ասել են, թե էս ինչ տեղը հայհոյանքի մրցույթ կա, ահագին գումար են տալիս, մերս ասել էր. <<Ամաաան, տղայիս խաբար ըրեք>>:

Նրա ամենամեծ հպարտությունը գրքերի հարուստ հավաքածուն էր ու գերազանց իմացությունը արևմտահայ դասական գրականության, իսկ ամենամեծ սերը հեքիաթներն էին... ու հունական երգերը:

Ու մի օր էլ Մարկեսի հերոսի նման թթենիների շուքի ներքո հալվեց, հալվեց, ստվեր դարձավ ու բարձրացա՜վ, բարձրացա՜վ, այդ ստվերից փախլավայի շիրա կաթեց ու քաղցրության մի հիշողություն...

....Մի քանի օր հետո նրա թոռները մի մեծ սպիտակ սավանով թութ էին թափ տալիս ու թափվող թթերի հետ հեռացող ստվերները քաղցրություն էին ծորում:

Նարե Գալստյան

Երիտասարդներն ասում են.....

Ամուսնությու՞ն... հայի ու թուրքի միջև՞...

Այսօր շատ հետաքրքիր դիրքորոշում ունեն հայ երիտասարդները...

Վստահ, հայ-թուրքական սահմանի բացվելուն պես շատ ու շատ թուրքեր կներթափանցեն հայ հասարակական կյանք, կսիրահետեն գեղեցկադեմ աղջիկներին։ Իսկ ներկայիս հայ աղջիկները շատ օտարամոլ են դարձել. հնարավոր է և ուրանան իրենց կրոնին, ազգությանը, ավանդույթներին, ծեսերին ու տրվեն զգացումներին՝ մեկնաբանելով, որ իրենք ժամանակակից են ու լիբերալ հայացքների տեր։

Ի՞նչ են մտածում հայ երիտասարդները հայի և թուրքի սիրային հարաբերությունների ու ամուսնությունների վերաբերյալ։ Հարցին պատասխաններ գտնելու համար փոքրիկ հարցազրույցներ անցկացրեցի մի խումբ երիտասարդների հետ։


-Իմ կարծիքով հնարավոր չէ, սովորական ընկերներ լինել, միգուցե, բայց ամուսնություն, այն էլ թուրքի հետ….վաաա՜յ, չէ, հազարից մեկ,-Սերինե Միրզոյան 19 տարեկան, տնտեսագիտական համալսարան
-Ես օրինակ կբերեմ. իմ ուսուցչուհու տղան ամռանը գնացել էր Թուրքիա հանգստանալու ու սիրահարվել էր մի թուրք աղջկա։ Հետո իրենք ամուսնացան, բայց արդյունքում պարզվել էր, որ աղջկա պապիկի մայրը հայ է եղել։ Կլինի, հնարավոր է…վերջիվերջո բոլորս էլ մարդ ենք ու Աստծո զավակները,- Դավիդ Խանաղյան, 19 տարեկան, ՀՊՄՀ

Եղան նաև այսպիսի կարծիքներ.

-Ես կտրկանապես դեմ եմ։ Բայց եթե երկու էակներ սիրում են իրար կայնքից էլ առավել ու հասկանում, որ առանց մեկը մյուսի չեն կարողանում ապրել, որ դա է իրենց կյանքը, ու հանուն դրա պատրաստ են ամեն ինչի, անգամ այդ հանգամանքը չի կարող խանգարել։ Բայց ամեն երկրի մարդ իր ուրույն սովորույթներն ունի ու տարբերվում է։ Ես դժվար կհավատամ, որ հայ աղջիկը կարող է սիրել թուրք տղային՝ անտեսելով հայ տղաներին,- Արսեն Գեորգյան, 19 տարեկան, ՀՊՄՀ

- Ոչ, որովհետև թուրքը մնում է թուրք,-Անուշ, 28 տարեկան։

- Ես դեմ եմ. աններելի են 1915-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերը, ազգասպանությունը,-Սիմոնա, 19 տարեկան, ՀՊՄՀ

- Ինչու՞ ոչ, սերը ամենագեղեցիկ և վեհ զգացմունքն է. հայի ու թուրքի միջև ամուսնությունը կհաջողվի ու հնարավոր կլինի, միայն թե թուրքը պիտի կրոնափոխ լինի, ընդունի քրիստոնեությունը,-Մանե, 20 տարեկան, ԵՊԼՀ

Սարոյանն ասում էր. «Չկան իտալացիներ, հայեր, ադրբեջանցիներ ու ամերիկացիներ. կան մարդիկ, ովքեր ապրում են երկրում»։ Հիանալի են մեծ հեղինակի խոքերը, փայլուն հասարակություն են ենթադրում… Տողեր, որոնք գրվել են սարոյանական ժամանակներում.. ժամանակներ, երբ մեծ հեղինակը պարզապես ականատես չէր եղել 1915-ականների ողբերգական դեպքերին...

Երանուհի Կաթունյան

ՄԱՏԹԷՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ (ՓԱՐԱՄԱԶ)


Սրանք այն մարդկանցից էին, որոնք անձնուրացությամբ նվիրվել էին իրենց հայրենիքի ազատության, լավ ապագայի գործին: Սրանց խորթ էր Թուրքիայի ժողովուրդների միջև թշնամություն բորբոքելու քարոզը, ռասիստական, շովինիստական այն գաղափարախոսությունը, որ որդեգրել և կյանքում կիրառում էին երիտասարդ թուրքերը:

Դրանք պատմականորեն առաջադիմական ազգային – ազատագրական շարժման ներկայացուցիչներ էին, մի շարժում, որը քայքայում էր ոչ միայն ճնշված ժողովուրդների, այլև թուրք – օսմանների զարգացումը արգելակող օսմանյան փտած հանրաբանտի հիմքերը, գործելակերպի, տակտիկայի հարցում նրանց ոչ ճիշտ ընթացքը, նրանց գլխավորած շարժման ոչ մասսայական բնույթը, որը պայմանավորուած էր Թուրքիայում տիրող սոցիալ – քաղաքական պայմաններով, բնավ չեն բաղասում թուրքական բռնապետության, ֆեոդալական կարգերի դեմ նրանց մղած պայքարի առաջադիմական, դեմոկրատական բնույթը, այն ճշմարտությունը, որ նրանք արատահայտում էին այն ժամանակի Թուրքիայի հասարակական կյանքի և քաղաքական մտքի զարգացման ամենաբարձր աստիճանը...

Փարամազը ծնվել է Մեղրիում, 1863 թ-ին: Հաճախել է ծննդավայրի դպրոցը: 1879-ին ուսանել է Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում: 1883-ին մեկնել է Նախիջևան ուսուցչության նպատակով: Այնտեղ, ծանոթացել է Ս. Սապահ Գիվլին: Ուսուցչության ընթացքում խորացնում է իր տեսական գիտելիքները և 1890-ական թվականներին վերջնականապես նվիրվում է հեղափոխական կյանքին: Ուսուցչություն և հեղափոխական քարոզչություն է կատարում Պարսկաստանի զանազան քաղաքներում (Արտապիլ, Փայաջուկ, Սալմաստ, և այլն):

Պարսկաստանում Փարամազը դառնում է երկիր մտնող մարտական խմբերի գլխավոր կազմակերպիչը: Սալմաստում հեղափոխական վճռով պատժում է Ցոլակ Սարկավագի սպանությունը կատարած հանցագործներին:

1897-ին 40 հոգանոց խմբով, քուրդ ցեղախումբերի հետ փոքր բախումներ ունենալուց հետո, անցնում է Վան: Վանում խումբը մատնվում է. թուրքական զորքի հետ փոխհրաձգությունից հետո, Փարամազն ու խմբի մի մասը ձերբակալվում են: Դատարանի առջև Փարամազը արտասանում է իր հռչակավոր ճառը, որը կազմում է հայ հեղափոխական գրականության մեկ անգերազանցելի էջը: Նրան դատապարտում են մահվան: Սակայն, որպես ռուսահպատակ, և ռուսական դեսպանատան միջնորդությունների շնորհիվ հանձնում են ռուսական կառավարությանը: Մինչև 1900 մնում է բանտարկված:

1900-ական թվականների սկզբին Կովկասում ղեկավարում է հակացարական պայքարը: Ժողովրդային թափորի գլուխ անցած դիմում է կաթողիկոս Խրիմյան Հայրիկին և պահանջում է ընդդիմանալ եկեղեցապատական գույքերը բռնագրավելու ցարական որոշման դեմ: 1903-ին Բաքվի մասնաճյուղի որոշումամբ կազմակերպում է Կովկասի փոխարքա Իշխան Գոլիցինի դեմ հայտնի տեռորը:

1905-1906-ին ղեկավարում է Երևանի, Էջմիածնի, Զանգեզուրի և Ղարաբաղի մէջ հայ –թաթարական կռիվներին մասնակցող Հնչակյան խմբերը: Ս. Դ. Հ. Կ. Ե. Համագումարից հետո ազդեցիկ քարոզչություն է ծավալում Կովկասում ձևավորված կուսակցական այն ձախլիկ խմբավորման դեմ, որն ուզում էր հեռանալ տաճկահայ դատից և միանալ Ռ. Ս. Դ. Բ. Կ.-ի շարքերին:

Որպէս գործիչ` Կովկասի շրջաններից հետո այցելում է նաև Պարսկաստան, Բուլղարիա, Ռումինիա և եվրոպական այլ ոստաններ: Այդ ընթացքում ծանոթանում և մտերմանում է Եվրոպայի ընկերվարական գործիչների հետ: Կա այն վարկածը, որ Փարամազը 1900-ից մինչև թուրքական Սահամանադրությունը, դարձյալ գտնվել է Արևմտյան Հայաստանում:

Թուրքական Սահմանադրությունից հետո Փարամազը մեկնում է Թուրքիա և գլխավորում է հակաիթթիհատական պայքարը: Հակաիթթիհատական քարոզչություն կատարելու և ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար շրջում է Պոլիս, Ատաբազար, Տիգրանակերտ (որտեղ կազմավորում է «Արհեստակցական Միություն»), Հայտնի, Արզնի–Մարեն, Մալաթիա, Խարբերդ, Այնթափ, Ուրֆա, Վան, Կարին, և այլն: Այցելած վայրերում հզորացնում է կուսակցական մասնաճյուղերը, ունենում է հրապարակային դասախոսություններ: Ամենուր արժանանում է ժողովուրդի ջերմ համակրանքին: Իր տեղեկագրներում հստակորեն շեշտում է, որ Իթթիհատը հայասպանութուն է նախապատրաստում։ Մասնակցում և ատենապետում է Ս. Դ. Հ. Կ. Զ. Համագումարը: Շարունակում է կուսակցությունը հակաօրինական գետնի վրա պահելու գաղափարը: Ընտրվում է Տաճկաստանի շրջանի Գործադիր Հանձնախմբի ատենապետ:

Հայր Սիվա գրչանունով աշխատակցում է «Արևելք» թերթին: «Հնչակ»-ում տպված նրա հոդվածները` «Պաքօ», «Քամուն բերածը Քամին կը Տանի», «Հայի Պահանջը», «Ձեռքերդ Վեր Կամ Ճուղուպրիստները», և այլն, կազմում են հայ հեղափոխական գրականության լավագույն էջերը:

12 տարի ծննդավայրից բացակայելուց հետո մի քանի ժամով այցելում է տուն, ու իր աղջիկը նրան չի ճանաչում: Քեոսթենճեի համագումարում Փարամազը ընտրվում է Կետրոնական Վարչության անդամ ու իրեն հանձնում է Իթթիհատի եռապետությանը տեռորի ենթարկելու գործին: Վերադառնում է Պոլիս: Հնչակյան ղեկավարության հետ ձերբակալվում է ու խստագույն հսկողության տակ բանտարվում: Դատարանում հանդուգն, հեղափոխական ելույթներ է ունենում:

1915-ի Հունիս 15-ին, քսան հերոսներից առաջինը Փարամազի վզով անցավ կախաղանի թոկը: Կախաղանի առջև ասաց. «Դուք մեր մարմինները կրնաք կախել միայն, իսկ մեր գաղափարը` ոչ: Վաղը Արևելքի հորիզոնին վրայ պիտի ողջունենք Սոցիալիստական Հայաստանը»:

Հայ յեղափոխական դեմքերի լուսապսակն է Փարամազը: Իր մասին եղած բազմաթիվ վկայությունները շեշտում են նրա հեղափոխականի ոգին, գաղափարական պատրաստվածությունը, հանդգնությունը, ինքնազոհաբերման ոգին, պոռթկումը ամեն ձևի անարդարության դեմ, ժողովրդասիրությունը... Փարամազը գեղարվեստական կերպար է գրական շատ գործերի մէջ:

Ամփոփելով ամիսը

Ամսվա կարևոր դեպքերի մասին խոսում է մամուլը

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը 2010-03-05 00:48:57

Հիմա արդեն հերթը ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստինն է:

Նկատենք, որ թուրքական կողմն աննախադեպ ջանքներ էր գործադրում վիժեցնելու Ցեղասպանությունն ընդունող բանաձևի ընդունումը, սակայն, ինչպես հայտնի դարձավ, թուրքական ջանքերն ի դերևս ելան:

Վահան Շիրխանյան. Կարգավորման առաջնահերթ խնդիր կա հայություն-Թուրքիա հարաբերություններում, ոչ թե` Հայաստան-Թուրքիա 2010-03-05 17:59:38


Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը` կապված ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի ընդունման հետ, Haynews.am-ին ասաց. <<Ընդհանուր առմամբ, արդեն 4-րդ անգամ ընդունելով` իհարկե պետք է ուրախ լինենք, չնայած նախորդ 3 անգամները վերջնական որոշման չհասան: Ինձ հայտնի չեն դրդապատճառները. եթե դրանք կապված են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հետ, որպեսզի նա վավերացնի արձանագրությունները, ապա դրանից ես վտանգ եմ տեսնում Հայաստանի համար>>:

<<Առհասարակ, Արևմտյան Հայաստանի տարածքում կատարված Ցեղասպանության ժառանգորդները նախ և առաջ սփյուռքում ապրող 7 միլիոն հայերն են, և կարգավորման առաջնահերթ խնդիր կա հայություն-Թուրքիա հարաբերություններում, ոչ թե` Հայաստան-Թուրքիա>>,- կարծում է Վ. Շիրխանյանը:

ՄՇԱԿՈՒՅԹ

Գարուն...տոն ու ծաղիկներ...

Մայրության և գեղեցկությանտոնի կապակցությամբ մարտի 9-ին Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուս.-խորհուրդը և ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը համատեղ կազմակերպել էին հաճելի անակնկալ համալսարանի աղջիկների և կանանց համար։ Առավոտյան ժամը 8:45-ից մինչ 9:15 րոպեն երաժշտության ներքո ծաղիկներ էին բաժանում համալսարան մտնող յուրաքանչյուր ուսանողուհու և կին դասախոսների։


Անակնկալը, բացի կուլտուրայի ֆակուլտետից, թակեց նաև երաժշտականի մասնաշենքի դուռը՝ հաճելի տրամադրություն պարգևելով այնտեղի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Բոլոը գոհ ու երջանիկ էին։ 2010թ. մարտի 9-ը համլսարանի պատմության մեջ միշտ կհիշվի որպես հաճելի, անակնկալներով լեցուն օր։ Հուսանք, որ այս փոքրիկ ուշադրությունը հիմք կդնի բարի ավանդույթների շարունակական լինելուն։

ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի ուս.-խորհրդի անդամ Կաթունյան Երանուհի

«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության «Ապագա» պաշտոնաթերթի խմբագրակազմը շնորհավորում է կանանց և աղջիկներին գարնանային այս հրաշք միամսյակի կապակցությամբ

понедельник, 8 февраля 2010 г.


Սկսած 2007-ից <<Սարգիս Տխրունի>> ուսանողական-երիտասարդական միությունը հրատարակել է <<Ապագա>> ամսաթերթը` հագեցած քաղաքական, մշակութային, սոցիալական այն բոլոր թեմաներով, որոնք նույնիսկ ամենաչնչին կերպով առնչվում են հայ երիտասարդներրի արդի հիմանխնդիրների հետ: 

Պահպանելով բոլոր բարի ավանդույթներն ու ընդլայնելով մեր արդեն իսկ կայուն ընթերցողների բանակը` <<Ապագա> ամսագիրն էլ ավելի հետաքրքիր ու հրատապ երիտասարդական թեմաներով վերսկսկում է իր գործունեությունը:

Շնորհավորում ենք բոլորիս` թե հայաստանցի ու թե սփյուռքահայ ՀԱՅ երիտասարդներիս վերաբացված <<Ապագա>> թերթի առաջնեկի կապակցությամբ: 

<<Սարգիս Տխրունի>> ուսանողական-երիտասարդական միության <<Ապագա>> պաշտոնաթերթի խմբագրակազմ: 

Քաղաքականացված ուսանողությո՞ւն, թե՞ «ուսանողացված» քաղաքականություն



«Երբ քաղաքականությունը դռնեն ներս կմտնե, բարոյականությունը պատուհանեն դուրս կելնե»... 

«Սարգիս Տխրունի» ուսանողական միության գրասենյակ մտնելիս առաջինը աչքիդ զարնող Հակոբ Պարոնյանի հեղինակած այս տողերը, փաստորեն, վկայում են հայ երիտասարդների մտահոգությունը քաղաքական ու բարոյական արժեքների հակասականության վերաբերյալ։

Դեռ վաղ պարոնյանական ժամանակներում  են ձևավորվել մեր ներկայիս քաղաքական արժեքները. որդեգրված սովորույթներ, որոնք պարզ արտացոլանքն են «քաղաքականություն» կատեգորիայի աղավաղումների։  Վերջիններս մեր իրականության մեջ հանդես են գալիս 2 պարզագույն տեսանկյուններով.  առաջինին կարող ես հանդիպել, երբ քայլում ես շենքերի բակերով ու ակամայից վկան դառնում  «լրջագույն քաղաքական վերլուծությունների», դե, իսկ երկրորդի անմիջական կերտողներն ու դերակատարներն էլ երիտասարդներն են` իրենց տեղի-անտեղի քաղաքականացվածությամբ, քաղաքականության՝ որպես կարիերայի գրավականի ընկալումներով։

«Ես ուրախ կլինեի, եթե այսօր երիտասարդները հետաքրքրված ու համակված չլինեին քաղաքականությամբ ու քաղաքական կյանքի արժեքներով. դա կվկայեր միայն, որ քաղաքական դաշտը այնքան է կայուն մեր ներկա իրականության մեջ, որ երիտասարդները մտահոգ չեն իրենց ԱՊԱԳԱՅԻ համար»,- մի անգամ ասաց ծանոթներիցս մեկը։

Նույն խնդիրը փորձեցի ամփոփել մի քանի ուսանողների շրջանում՝ փորձելով պարզել, թե որոնք են այսօր երիտասարդներին շահագրգռող գործոնները դեպի քաղաքականություն։  Հնչած բազում կարծիքներից, երկար-բարակ տեսակետներից ձեզ ներկայացնեմ մի քանի մտքեր, որոնք մասնավորապես փաստում են երիտասարդների ու հատկապես ուսանողների ներգրավվածությունը քաղաքական դաշտում ու տալիս դրանց տրամաբանական մեկնաբանությունները. «Դե ուսխորհուրդները, փոխանակ իրենց հիմնական գործառույթները կատարելու, այն է՝ ուսանողների շահերն ու հետաքրքրությունները ներկայացելու և պաշտպանելու, դարձել են քաղաքական ինչ-ինչ միավորումների, կառույցների կամակատարներ»։

«Քաղաքական շատ ու շատ կուսակցություններ թիրախային խումբ են  համարում ուսանողներին՝ որպես ակտիվ մարդկային ռեսուրսի. սա կարելի կլիներ համարել դրական, եթե  ուսանողների ներգրավվածությունը ապահովվեր կամավոր սկզբունքներով գաղափարական հիմքի վրա, և ոչ  դեպի նյութական շահը, ինչը շատերիս հայտնի «կոռուպցիա» կոչվող աղետի լավագույն դրսևորումներից է»։

«Քաղաքական դաշտը և ուսանողությունը փոխադարձաբար են կապված միմյանց, քանի որ հենց ուսանողն ու առհասարակ երիտասարդն է ցանկացած երկրի ԱՊԱԳԱՅԻ ներկայացուցիչը, նրանք ներկայիս քաղաքական սովորույթների կրողներն ու դրանց պոտենցիալ դրսևորողներն են»։

Կարծիքների բազմազանության պատկերն ակնկալելի էր, սակայն հարցին պատասխանող ուսանողները խնդրեցին իրենց անունները չհրապարակել։ Սա է մեր  իրականության մեջ բարոյական քաղաքականություն կերտելու տիպական դրսևորումը։  Քաղաքական դաշտը լի է ուսանողներով, լինեն դրանք քաղաքականության ուղին բռնած ուսանողները, թե ուսանողացման ուղին բռնած քաղաքական դաշտը, որտեղ կա «խոսքի ազատություն. քանի դեռ կա խոսքը, կա խոսակիցը, բայց չկա խոսողը»։ 

ԱՆԻ ԱՓՅԱՆ